Գլխավոր Էջ




ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Երեխան ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:
Պետությունները պարտավոր են հարգել երեխայի իրավունքը` պահպանելու իր ինքնուրույ-նությունը` ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը:
Պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից:

Պետությունը հարգում է ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:

Երեխան, որի ծնողները բնակվում են տարբեր պետություններում, իրավունք ունի կանոնավոր կերպով, բացառությամբ հատուկ հանգամանքի, անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանել երկու ծնողների հետ: Այդ նպատակով պետությունները հարգում են ցանկացած, այդ թվում նաև սեփական երկրից հեռանալու և սեփական երկիր վերադառնալու` երեխայի և նրա ծնողների իրավունքը:

Պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:

Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, գրավոր կամ տպագիր ձևով, ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցներով:

Պետությունները հարգում են երեխայի` մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:

 Պետությունները ճանաչում են երեխայի` միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:

Որ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:

Պետությունները ծնողներին և օրինական խնամակալներին անհրաժեշտ օգնություն են տրամադրում երեխայի դաստիարակության իրենց պարտավորությունները կատարելու գործում և ապահովում են երեխաների խնամքի հաստատությունների և ծառայությունների զարգացումը:

Ժամանակավոր կամ մշտական իր ընտանեկան միջավայրից զրկված կամ իր լավագույն շահերի տեսակետից այդսիպի միջավայրում մնալ չկարողացող երեխան պետության կողմից տրամադրվող հատուկ պաշտպանության և օգնության իրավունք ունի: Պետությունը ապահովում է այլընտրանքային համապատասխան խնամք այդպիսի երեխայի համար:

Մտավոր կամ ֆիզիկական խեղումներով երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով. այնիպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրան արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին: Խեղումներով երեխան ունի հատուկ խնամքի իրավունք:

Պետությունը ճանաչում է երեխայի` տնտեսական շահագործումից և այնպիսի աշխատանք կատարելուց պաշտպանելու իրավունքը, որը կարող է վտանգավոր լինել կամ խոչընդոտել երեխայի կրթությանը կամ վնասել նրա առողջությանը և ֆիզիկապես, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը: Այդ նպատակով պետությունը սահմանել է աշխատանքի ընդունելության նվազագույն տարիք, նախատեսել է աշխատանքային ժամերի և աշխատանքի պայմանների կանոնարգում:

Պետությունը պարտավորվում է երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձևերից և սեռական չարաշահումից: Այդ նպատակով պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելի.

  • երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը,
  • շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը
  • շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիայի և պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը:

Պետությունը ազգային, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների առևանգումը, նրանց վաճառքը կամ ցանկացած նպատակով և ցանկացած ձևով նրանց առքուվաճառքը կանխելու համար: Պետությունը երեխային պաշտպանում է նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագորման բոլոր այլ ձևերից:
Պետությունը ապահովում է, որ.

  • Ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մահապատիժ, ոչ ցմահ բանտարկություն չի սահմանվում 18 տարին չլրացած անձանց կողմից կատարված հանցագործությունների համար
  • Ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով: Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումն իրականացվում է համաձայն օրենքի և գործադրվում է միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցով:

 

 


 
 

Մեր մասին | Երեխա | Ծնող | Մանկավարժ | Իրավապահ մարմիններ | Լրագրող
Copyright © "People In Need" Հայաստանյան մասնաճյուղ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Այս կայքը ստեղծվել է "Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում" ծրագրի շրջանակներում, որը ֆինասնավորվում Եվրամիության կողմից իրականացնում են People In Need-ը, Հույս և օգնություն -ը, Հ.Օ.Մ. -ը:
webmaster